Ո՞վ ենք մենք

«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) Հայաստանում գործունեություն ծավալող, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է: Մեր գաղափարախոսության հիմքում ընկած է սպորտի միջոցով հասարակության վերափոխումը և մեր մասնակիցների հնարավորությունների ընդլայնումը։

GOALS-ը Հայաստանում միակ սպորտային կազմակերպությունն է, որը նվիրված է գյուղական համայնքներում երիտասարդ աղջիկների համար ֆուտբոլային լիգաների և այլ առաջնորդության ծրագրերի ստեղծմանն ու աջակցմանը: Ներկայումս մենք ունենք աղջիկների ութ ֆուտբոլային լիգա՝ ավելի քան 750 խաղացողով:

GOALS-ը կազմակերպում է ֆուտբոլի լիգայի մարզումներ, խաղեր և մրցաշարեր, ինչպես նաև անցկացնում է ամառային ճամբարներ, արտադպրոցական ակումբներ, սոցիալական տարբեր միջոցառումներ և առաջնորդության նախաձեռնություններ:

Մենք հավատում ենք, որ Հայաստանում յուրաքանչյուր աղջիկ արժանի է իր ողջ ներուժը բացահայտելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով մենք ձգտում ենք ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր աղջիկ ունի ձայն, համարձակություն և հնարավորություն որոշելու, թե ի”նչ է նշանակում հայ աղջիկ լինել:

 
 
Lilith.JPG
 
 
 
Սպորտը կրթության և զարգացման հզոր գործիք է: Մենք հավատում ենք, որ խաղադաշտում այս աղջիկների արած առաջին քայլերը նաև իրենց մեծ երազանքներին հասնելու առաջին քայլերն են։
— ԱՆԴՐԵԱ ՄՈՆՏԱԼԲԱՆՈ, GOALS ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
 
giphy (14).gif

Մեր գործունեության սկիզբը

2014 թ.-ի դեկտեմբերին Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Հեֆերնը վաստակաշատ հեղինակ և ֆուտբոլային մարզիչ Անդրեա Մոնտալբանոյին հրավիրեց մասնակցելու ԱՄՆ դեսպանատան կողմից հովանավորված «Ֆուտբոլային դիվանագիտություն» միջոցառմանը: Մեկ շաբաթ տևած «Աղջիկները կարո՛ղ են խաղալ» միջոցառման ընթացքում, Մոնտալբանոն մարզումներ անցկացրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ, քննարկեց ԱՄՆ-ում կանանց ֆուտբոլի դինամիկան և շեշտեց սպորտում կանանց ներգրավվածության կարևորությունը:

Տիկին Մոնտալբանոն մի կողմից, և երիտասարդ հայ աղջիկների խանդավառ արձագանքը մյուս կողմից, ոգեշնչեցին Խաղաղության կորպուսի կամավոր Զաք Թիլերին, ով հաջորդող ամիսների ընթացքում համագործակցեց եռանդուն հայ մարզիչների և այլ Խաղաղության կորպուսի կամավորների հետ` նախաձեռնելով Girls of Armenia Leadership Soccer (GOALS) ծրագիրը: Նրանց համընդհանուր նպատակն էր կանանց ֆուտբոլային լիգաների միջոցով խթանել հայ աղջիկների առողջ ապրելակերպը և առաջնորդության հմտությունները:

2016 թ.-ի գարնանը GOALS-ը հիմնեց իր առաջին ֆուտբոլային լիգան Սյունիքի մարզում, որի Գորիս քաղաքում ամեն շաբաթ անցկացվող մրցումներին մասնակցում էին թիմեր գյուղական համայնքներից: Մոնտալբանոյի և նրա ամուսնու աջակցությամբ, հիմնադիր կազմը սկսեց GOALS-ի մասին իրազեկել միջազգային մակարդակում և հայկական սփյուռքի շրջանում:

«Մարզիչներ բոլոր մայրցամաքներից» շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը սպորտը որպես սոցիալական ազդեցության միջոց օգտագործելու մեջ առաջատարն է աշխարհում, համագործակցելով GOALS-ի հետ, այցելեց Հայաստան՝ խթանելու ինքնաղեկավարման ուսուցումը երկրի հեռավոր շրջաններում: GOALS- ի աջակիցների ցանցի ընդլայնմանը զուգահեռ, 2016թ․ աշնանը լիգաներ ստեղծվեցին Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում։ Տեղի մարզիչները և խաղացողները մեծ ոգևորությամբ և վճռականությամբ տրամադրված էին փոխել կանանց սպորտի ապագան Հայաստանում:

 
 
 
map goals armenia.jpg
 
 
 

Ընդլայնում
և խոչընդոտների հաղթահարում

2019 թվականը մեծ հաջողություններով լի տարի էր GOALS-ի համար:

  • Մենք պաշտոնապես սկսեցինք համագործակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` գենդերային անհավասարության դեմ միասնական պայքար մղելու։

  • Կոտայքի մարզը միացավ GOALS ծրագրին` դառնալով Հայաստանում կանանց ֆուտբոլային լիգա ունեցող 8-րդ մարզը՝ ձևավորելով ևս 4 ֆուտբոլային թիմ։

  • Մենք ստացանք հավատարմագրում Coaches Across Continents-ից` կազմակերպության «Նպատակային խաղ» (այլ կերպ հայտնի որպես «Սպորտ` սոցիալական ազդեցության համար») ծրագրին մասնակցելու համար:

GOALS-ը նաև ստացել է «Սպորտ` գենդերային հավասարության համար» մրցանակը «Beyond Sport» միջազգային կազմակերպությունից ` ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները իրագործելու համար:

Այս պահի դրությամբ GOALS-ը հիմնել է կանանց ֆուտբոլային լիգաներ Հայաստանի 11 մարզերից 8-ում` Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում, Տավուշում և Վայոց Ձորում: GOALS-ի ծրագրերը ղեկավարվում են Երևանի գլխամասային գրասենյակից և կազմակերպվում մարզային համակարգողների կողմից:

Թիմերը հիմնականում հիմնվում են փոքր համայնքներում, որտեղ քիչ ռեսուրսներ կան աջակցելու արտադասարանային գործունեության այնպիսի ուղղությունների, որոնք այդքան կարևոր են երիտասարդների զարգացման համար: Բարերարների, հովանավորների, անձնակազմի և կամավորների աջակցության շնորհիվ մենք շարունակում ենք շարժվել դեպի մեր տեսլականը և ազդեցություն թողնել երիտասարդների և նրանց համայնքների կյանքերի վրա:

 
 

Ըստ 2020 «Գլոբալ գենդերային ճեղքվածք» զեկույցի, Հայաստանը քաղաքականության և ղեկավար պաշտոններում կանանց թվով ամենացածր դասակարգված երկրների շարքում է (11%): Առողջության և գոյատևման դասակարգում Հայաստանը զբաղեցնում է 153 երկրից 148-րդ տեղը, ինչի պատճառը հիմնականում սեռով պայմանավորված հղիության ընդհատումներն են: Բացի այդ` բազմաթիվ ուսումնասիրություններ նշել են, որ ամեն 10 կանանցից երեքը ենթարկվում են ֆիզիկական բռնության, իսկ մոտ 66%-ը՝ հոգեբանական բռնության:

 
 

Սպորտում եղած կանանց ներկայացվածության կարծրատիպերը վիճարկելով` GOALS-ը խրախուսում է աղջիկներին դառնալ ապագա ղեկավարներ, և միաժամանակ մարդկանց պատկերացումները փոխելով, ձգտում է ստեղծել ավելի ներառական, հզոր և անվտանգ Հայաստան: