Զաքի պատմությունը

Zach1.jpg

Հեղինակ` Զաք Թիլեր

Ես երկու տարի ապրում էի Սյունիք մարզի սարերում և ամեն օր արթնանում էի Ղարաբաղի կանաչ սարերի վրայով գլորվող ամպերի տեսարանին: Սարի ստորոտի վրա ընկած մառախուղն ինձ հիշեցնում էր ցամաքին մոտիկացող խաղաղ ալիքները: Ես այդ գյուղը Ամերիկայիս ընկերներին և բարեկամներին նկարագրելիս կոչում էի «Ամպերի քաղաք»: 1500 հոգանոց բնակչություն ունեցող այս գյուղին քաղաքի, այն էլ «Աստղային պատերազմեր» ֆիլմի մեջ գտնվող «Ամպերի քաղաքի» հետ բարդ է համեմատել: Այն ավելի նման էր Թոլքինի գրքերում նշվող Շիր երկրին, քան գիտաֆանտաստիկայի ժանրից ինչ-որ վայրի: Սակայն երբեմն գյուղը ծածկվում էր այնպիսի թունդ մառախուղով, որ միայն մոտակայքում գտնվող իրերն էր հնարավոր տեսնել: Ես նույնիսկ հաճախ մոլորվում էի տան ճանապարհին: Բայց, երբ մառախուղը բացվում էր, երեխաները վազում էին դուրս` արևի տակ խաղալու, և նրանց սիրած զբաղմունքը մեծամասամբ ֆուտբոլն էր:

Քանի որ ես իմ ամբողջ կյանքը ֆուտբոլ եմ խաղացել, ես չէի կարող դիմակայել դաշտ գնալու իմ մեծ ցանկությանը, ու շտապում էի երեխաների հետ խաղալու: Նրանք էին կառավարում դաշտը, ընտրում թիմերը և որոշում խաղի կանոնները: Ավելի տարիքով փոքրերն ուրախ էին, երբ իրենց ընտրում էին և շտապում էին ինչ-որ ձևով օգտակար լինել իրենց թիմին: Որպես տեղական դպրոցում աշխատող Խաղաղության կորպուսի կամավոր ես գիտեի համարյա բոլոր երեխաների անունները, քանի որ նրանք իմ աշակերտներն էին: Չնայած ես այդ ժամանակ 25 տարեկան էի, երբ նրանց հետ միասին խաղում էի, ինձ զգում էի 12 տարեկանի տղայի պես: Սակայն ինչքան էլ խաղերն ուրախ էին անցնում, ես նկատում էի, որ աղջիկները միայն կողքից էին նայում, և ֆուտբոլի դաշտում անմեղ ու ազատ երեխաների նման չէին վազում:

Ես հաճախ աղջիկներին հարցնում էի. «Ինչու՞ դուք էլ չեք խաղում»: Ինձ տարբեր պատասխաններ էին տալիս, որոնցից ամենահաճախը «եղբայրս չի թողնում» և «տնային գործ շատ ունեմ»-ն էին: Երբեմն ես նկատում էի, որ աղջիկներից ոմանք անհանգիստ էին, երբ հրավիրում էի միասին խաղալու: Որպես օտարերկրացի, ես պատկերացում անգամ չունեի, թե ինչու նրանք չեն ուզենա խաղալ: Ես այդ ժամանակ նոր-նոր սկսում էի հասկանալ, թե ինչ է նշանակում որոշված սեռերի դերերով ավանդապաշտ հասարակության մեջ մեծանալ: Հասարակություն, որտեղ աղջիկները դեռ 5-6 տարեկանից սովորում են կին լինել, իսկ հայ կին լինելու մեջ ֆուտբոլ խաղալը չէր մտնում: Հայ կին լինել նշանակում էր օգնել մայրիկին տունը մաքրել և ուտելիք պատրաստել: Այն նշանակում էր տան փոքրիկներին խնամել, լինել դասարանի ամենալավ և գեղեցիկ աշակերտը: Լինել բարոյական արժեքների մարմնացում, դիմակայել կյանքի ցանկացած դժվարություններին, որպեսզի համապատասխան ամուսին գտնեին: Դա էր նշանակում այս գյուղում աղջիկ լինելը, և ազատ մանուկ լինելը դրա մեջ չէր մտնում:

Ես շարունակում էի անհոգ երեխայի նման խաղալ դպրոցի տղաների հետ: Մեծանալով Ամերիկայի Այդահո նահանգում միջին խավի ընտանիքում, ես քիչ դժվարություններ ունեի իմ կյանքում: Ես կարող էի խաղալ և ապրել մեծահասակ լինելու բարդություններից պաշտպանված միջավայրում: Դրանք հետագայում էին սկսվելու, և ես կարևորում էի այն պարզ տարիները, երբ ես ձեռք բերեցի կյանքի ընկերներ և իմացա, թե ինչ է նշանակում զվարճանալը: Խաղալն ինձ սովորեցրեց լավ ընկեր լինել, կանոններին հետևել, օգտագործել երևակայությունս, լինել մարզիկ և թիմով աշխատել: Բայց այս աղջիկների համար, խաղալն իմ պատկերացումից ավելի սահմանափակ էր: Ես հաճախ մտածում էի, թե ինչ կապ ունի իրենց եղբայրները ինչ են մտածում, չիմանալով, թե ինչքան խորն էր ավանդույթը մտցված այս աղջիկների և տղաների մեջ, որ անգամ թույլ չէր տալիս աղջիկներին դաշտում վազել:

Գյուղական կյանքը բարդ է և՛աղջիկների, և՛տղաների համար: Տղաները հաճախ ճնշվում են ավելի մեծ տարիքում, երբ նրանցից սպասում են լինեն տան կերակրողներ և բանակում ծառայել: Բայց ինձ բարդ էր հասկանալ, թե ինչու երեխա ժամանակ տղաներին թույլատրում էին ֆուտբոլ խաղալով մի պահ մոռանալ կյանքի դժվարությունները, իսկ աղջիկներից հաճախ սպասվում էր մեծահասակի նման իրենց պահել և դիմակայել բոլոր ճնշումներին:

Երկու տարի շարունակ ես փորձում էի աղջիկների ֆուտբոլային լիգա բացել այդ գյուղում: Ես, ինձ հյուրընկալած ընտանիքի աղջկա հետ, ամեն շաբաթ դիտում էի Մանչեսթեր Յունայթեդ ֆուտբոլային ակումբի խաղերը: Ես գիտեի, որ նա կցանկանար խաղալ: Նա իր մայրիկի պես անվախ երիտասարդ աղջիկ էր, և ես համոզված էի, որ նա կկարողանար աղջիկներին առաջնորդել ֆուտբոլ խաղալ: Սակայն նրանց խաղի համար հարկավոր էր անվտանգ մթնոլորտ ստեղծել, իսկ միայն աղջիկների համար խաղադաշտ օգտագործելը բարդ էր: Ամեն շաբաթ մենք փորձում էինք հնարավորինս շատ աղջիկների ներգրավել ֆուտբոլ խաղալու մեջ: Ի վերջո մենք գտանք մի քանի քաջ աղջիկներ, ովքեր կարողացան կոտրել կարծրատիպը և խաղալ մեզ հետ: Երբերմն ծնողները նրանց թույլ չէին տալիս մասնակցել, եթե զբաղմունքը դասերին էր խանգարում: Կային նաև ծնողներ, որոնք թույլատրում էին մանուկ աղջիկներին խաղալ, բայց մտադիր էին կանգնեցնել, երբ երեխան մեծանար: Կային նաև աղջիկներ, ովքեր հետաքրքրությունից սկսեցին խաղալ, բայց որոշ ժամանակ անց ձանձրացան սպորտից:

6 ամիս հավաքագրումից և շաբաթական վարժանքներից հետո, մենք ունեցանք 5-6 հոգանոց կայուն խումբ: Սակայն, երբ ես որոշ ժամանակով հեռացել էի գյուղից, իմացա, որ ինձ հյուրընկալած ընտանիքի աղջիկը`թիմի ավագը, դրսում ֆուտբոլ խաղալուց կոտրել էր իր ոտքը: Չնայած մենք համոզվեցինք, որ նա ամբողջովին ապաքինվեր, թիմը ի վերջո ցրվեց: Կանանց ֆուտբոլ խաղալու բացասական կարծրատիպերն ավելի ուժեղացան: Ավանդական համայնքներում գենդերային դերերին դեմ գնալը բարդ գործընթաց է, և հաճախ լինում է, որ առաջխաղացման ընթացքում ստիպված ես լինում մի քանի քայլ հետ գնալ:

Ինձ համար դժվար էր դա ընդունել: Ես սիրում էի այս գյուղը և ուզում էի իմ յուրաքանչյուր աշակերտի համար ամենալավը: Այդ ընթացքում GOALS-ը շարունակում էր մեծանալ և տարածվել, և Գորիսի մարզային լիգան ավելի էր զարգանում: 2017 թվականին այդ լիգայում մրցում էին 10 տարբեր համայնքներ, որոնք իրենց գյուղերից հասնում էին Գորիս`մասնակցելու մարզի առաջին երիտասարդ կանանց ֆուտբոլային լիգային: Չնայած այդ ամենի, ես տխուր էի, որ այն գյուղը որտեղ ես մնում էի, մասնակիցների ցանկում չէր: Բայց ես նաև հասկանում էի, որ օտարերկրացու գործը չէ աղջիկներին կամ գյուղին ստիպել մասնակցել: Նրանք պետք է կատարեին այդ որոշումը: Լիգային մասնակցող գյուղերը ինքնուրույն էին դա արել ` տեղացի եռանդուն ֆուտբոլի մարզիչների շնորհիվ ծրագիրն առաջ տանելով: Բայց ես հույսս չէի կորցնում, որ մի օր իմ գյուղն էլ կմիանար նրանց շարքին:

Այժմ 2019 թվականին, ես բավական հեռու եմ գտնվում այդ գյուղից: Ապրում եմ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, և Հայաստանն ինձ թվում է կարծես հեռավոր և գեղեցիկ երազ: Երբեմն ես հայերենով երազներ եմ տեսնում, որտեղ շրջում եմ Սյունիքի ստորոտներով և հանդիպում ինձ հյուրընկալած ընտանիքին հիշեցնող գյուղացիներին: Ես գիտեմ, որ սրտիս մի կտորը մնացել է Հայաստանում, և ես սպասում եմ հնարավորության, որ վերադառնամ այնտեղ, որին իմ հոգու մի մասն անվանում է տուն: Միաժամանակ ես լսում եմ Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման և կարծրատիպերը կոտրել ցանկացող գյուղերի քանակի շատացման մասին:

Zach2.jpg

Հայաստանից հեռանալուց հետո արդեն 2 տարի է անցել, և շատ բան է փոխվել: Իմ գյուղը երեք տարի տեսնելով իր հարևան գյուղերի մասնակցությունը Սյունիքի GOALS լիգայում, տեղացի մարզիչի` համայնքի աղջիկների համար փոփոխություն մտցնելու մեծ ցանկության շնորհիվ հիմնել է իր GOALS թիմը: Առաջին անգամ նախորդ գարնանը տեսնելով թիմի լուսանկարը, ես իմ աշակերտուհիներից շատերին ճանաչեցի, բայց ցավոք այն ընտանիքի աղջիկը նրանց շարքում չէր: Նրա շնորհիվ այլ աղջիկներ սկսեցին հավատալ, որ կարող են կոտրել կարծրատիպեր, և չնայած ոտքի կոտրվածքը մի փոքր դժվարացրեց այդ ճանապարհը, նրանք առաջ գնացին: Այժմ այս աղջիկները կարող են շաբաթական մեկ-երկու ժամով մոռանալ ամեն ինչ և երեխաների նման վայելել անմեղ մանկությունը: