Արցախի թիմը Ասարյան ազգային մրցաշարի հաղթող

«Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» Կրթական Հիմնադրամը (GOALS) հուլիսի 15-ին կազմակերպեց Ասարյանի ազգային մրցաշարի եզրափակիչ փուլը 12-ից 16 տարեկան աղջիկների համար։

Ազգային վերջնական խաղերից առաջ Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներից ավելի քան 80 աղջիկների թիմեր մասնակցել են մարզային մրցաշարերին։ Լոռին (Ստեփանավան), Սյունիքը (Գորիս), Շիրակը (Արթիկ) և Արցախը (Ստեփանակերտ) ներկայացնող չորս թիմերը նվաճեցին իրենց տեղը եզրափակիչ փուլում, որը տեղի ունեցավ Երևանում՝ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում։

Մրցաշարին մասնակցած յուրաքանչյուր աղջիկ դաշտ էր դուրս եկել հաղթելու և իր թիմին արժանապատիվ ներկայացնելու վճռականությամբ։ Վերջին խաղում Արցախի և Սյունիքի թիմերի միջև ծավալվեց լարված և հետաքրքիր պայքար, որի արդյունքում հաղթանակ տարավ Արցախի թիմը՝ դառնալով այս տարվա Ասսարյան ազգային մրցաշարի հաղթողը։

«Շատ երջանիկ եմ այս հաղթանակի համար։ Վստահ էի, որ կհաղթենք, որովհետև անթիվ ժամեր ենք նվիրել մարզումներին և լիովին վճռական էինք։ Որպես թիմ՝ 100 տոկոսով ներդրված էինք գիտելիքների և հմտությունների զարգացման մեջ։ GOALS-ը Արցախ եկավ երկու տարի առաջ, և այդ ժամանակից մենք սպասում էինք այս օրին․ և այն, վերջապես, հասավ», —կիսվեց իր տպավորություններով Արցախի թիմի խաղացող Վալենտինա Գրիգորյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Աղաբալյանը նույնպես ներկա էր մրցանակների հանձնման արարողությանը։ Նրա կարծիքով՝ այս նախաձեռնությունը կարևոր ծրագրերից է Հայաստանում, որոնց միջոցով զարգացնում է աղջիկների ֆուտբոլը։

«Մենք ամեն օր խոսում ենք ֆուտբոլում տղաների մասին, բայց շատ հազվադեպ ենք խոսում մեր աղջիկների մասին։ Քայլ առ քայլ մեր վերաբերմունքներն ու կարծրատիպերը պետք է փոխվեն։ Մեծ հաղթանակները սկսվում են հենց նման ճանապարհներից»։
Աղջիկների մասնակցությունը սպորտում մեծացնելու նպատակով GOALS կրթական հիմնադրամը ստեղծել է 8 ֆուտբոլային լիգա Հայաստանում և Արցախում։ Ավելի քան 1000 աղջիկներ ներգրավված են 80 ֆուտբոլային թիմերում․ այստեղ աղջիկները ոչ միայն զարգացնում են ֆուտբոլային հմտություններ, այլ նաև ձեռք բերում են առողջ ապրելակերպի և հիգիենայի մասին գիտելիքներ, առաջնորդության կարողություններ, ինչպես նաև սոցիալ-հուզական հմտություններ՝ թիմային աշխատանք, խաղային մշակույթ և փոխադարձ հարգանք։

Նրանք հաղթահարում են կարծրատիպերը և բարձրացնում իրենց խաղալու իրավունքն ու ինքնավստահությունը՝ ընդդեմ խտրականության։

«Վերջին տարիների ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես են զարգացել մեր ծրագրերը և մեր աղջիկները», — նշել է GOALS-ի գործադիր տնօրեն Թենի Ավակյանը։ «Ճանապարհին եղել են բազմաթիվ խոչընդոտներ, և դժվարություններն այսօր էլ շարունակվում են․ դեռ տարածված է կարծրատիպը, թե աղջիկների տեղը սպորտում չէ։ Բայց երբ ավելի քան 1000 աղջիկ այսօր վարում է առողջ ապրելակերպ և սովորում է կարևոր հմտություններ, նշանակում է՝ մենք ինչ–որ բան ճիշտ ենք անում։

Թիմային սպորտը միայն մարզիկ լինելու մասին չէ․ դա վերաբերում է նաև այն փոխանցելի հմտություններին, որոնք անհրաժեշտ են ոչ միայն սպորտում, այլ նաև կյանքում հաջողության հասնելու համար։ Վերջիվերջո, կյանքն էլ է թիմային սպորտ»։

Քանի որ կարծրատիպային մտածողությունը, կրթության որակի խնդիրները և ֆինանսական հնարավորությունների սահմանափակումը խոչընդոտում են Հայաստանի աղջիկների և կանանց զարգացումը, GOALS-ը 6-16 տարեկան աղջիկներին տրամադրում է ենթակառուցվածքներ, մարզական հանդերձանք, մարզիչներ, պարապմունքներ և այլ անհրաժեշտ ռեսուրսներ՝ զարգանալու և սովորելու համար։

Սպորտի միջոցով սոցիալական ազդեցություն ստեղծելով՝ GOALS-ն նպատակ ունի օգնել երիտասարդներին հաղթահարել դժվարությունները թե խաղադաշտում, թե նրա սահմաններից դուրս։ Ազգային առաջնությունը, որը արդեն դարձել է ավանդույթ, այս տարի նվիրված է դոկտոր Գարի և Լինդա Ասարյաններին՝ GOALS կրթական հիմնադրամին իրենց խոնարհ աջակցության համար։

Karine Arakelyan