GOALS-ը և SafeYOU-ն հայտարարում են համագործակցության սկիզբ

Երևան, Հայաստան - 7 ապրիլ 2022 -  Այսօր կնքվեց հուշագիր «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» Կրթական Հիմնադրամի (GOALS) և «Իմփակտ Ինովացիաների Ինստիտուտ» սոցիալական ձեռնարկության միջև։ Օրը պատահական չէ ընտրված, քանի որ այսօր Safe YOU-ն նշում է իր 2 ամյակը։ 

«Մենք մեր թիմով շատ ենք կարևորում կանանց հզորացումը և ներգրավվածության բարձացումը հասարական կյանքի բոլոր ոլորտներում։ Այս առումով շատ կարևոր է ուժեղ և երկարաժամկետ գործընկերության ստեղծումը հանուն բազմակողմանի ազդեցության։ GOALS-ի հետ համագործակցությունը նշանակում է նորարարությունների և սպորտի միջոցով նպաստել այն բոլոր գաղափարներին, որոնք հզորացնում են կանանց և աղջիկներին՝ որպես կարևոր նախապայման առանձնացնելով կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձևերի և խտրականության տարաբնույթ դրսևորումների վերացումը։

Մենք ամեն օր աշխատում ենք հավասար հնարավորությունների հասարակություն ստեղծելու և մեր նորարարական լուծումները համաշխարհային ասպարեզներ դուրս բերելու ուղղությամբ, այժմ այդ ամենը կարող ենք անել նաև սպորտի միջոցով»․ - իր խոսքում նշեց «Իմփակտ Ինովացիաների Ինստիտուտ» սոցիալական ձեռնարկության գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը։



Հուշագիրն ուղղված է կանանց և աղջիկների շրջանում սպորտի միջոցով առաջնորդության խթանմանը, կանանց և աղջիկների դերի շարունակական բարձրացմանը՝ առանձնահատուկ կարևորելով կանանց և աղջիկների նկատմամբ բռնության ցանկացած դրսևորումների կանխարգելումը։



«Մենք կարող ենք ավելի կայուն ու հզոր հասարակություն ունենալ, եթե բոլորս գիտակցենք, որ կանայք աշխարհ չեն եկել միայն հաճելի, գեղեցիկ ու հնազանդ լինելու համար, ինչպես ասում էր Զապել Եսայանը։ Կանայք մտավոր, ֆիզիկական ու բարոյական հզոր ներուժ ունեն և մենք կարիք ունենք այնպիսի առաջնորդության, որը կարող է կանանց ներուժը դարձնել անձնային ու հասարակական զարգացման, բարեկեցության ու երջանկության գործոն։ Մեր համագործակցությունը Safe YOU-ի հետ միտված է կանանց ու երիտասարդ աղջիկների հենց այս ներուժի զարգացմանը։»,- իր խոսքում ընդգծեց «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» Հիմնադրամի գործադիր տնօրեն Թենի Ավակյանը։

«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) 2016 թ-ից Հայաստանում գործունեություն ծավալող՝ շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է։ Այն Հայաստանում միակ սպորտային կազմակերպությունն է, որը Հայաստանի գյուղական համայնքներում խթանում է գենդերային հավասարությունը սպորտի միջոցով՝  նպատակ ունենալով կանանց ֆուտբոլային լիգաներ ստեղծելով խթանել հայ աղջիկների առողջ ապրելակերպը և առաջնորդության հմտությունները: GOALS-ի Փոփոխության տեսության հիմքում ընկած է սպորտը որպես հասարակություն վերափոխելու և դրա մասնակիցների հնարավորություններն ընդլայնելու միջոց օգտագործելը: Փոփոխության տեսությունը կարելի է ամփոփել երեք հիմնական գործունեությամբ՝ 1) Երիտասարդ աղջիկների համար սպորտով զբաղվելու անվտանգ միջավայրերի ստեղծում․ 2) համայնքների կրթում և կարծրատիպերի վիճարկում՝ օգտագործելով սպորտը որպես սոցիալական ազդեցություն․3) տեղական հաստատությունների հետ ամուր գործընկերության խթանում՝ մեր ծրագրերի և գործունեության համար կայուն հենք ապահովելու համար: GOALS-ը տրամադրում է ենթակառուցվածքներ, մարզիչներ, սարքավորումներ և անհրաժեշտ բոլոր ռեսուրսները Հայաստանի գյուղական համայնքներում աղջիկների ֆուտբոլի լիգաներ ստեղծելու համար: Ներկայումս ավելի քան 900 աղջիկ Հայաստանի 80 համայնքներից մասնակցում է կազմակերպության գործունեությանը:

 

«Իմփակտ Ինովացիաների Ինստիտուտը» 2020 թվականից Հայաստանում գործող սոցիալական ձեռնարկություն է, որի նպատակն է ինովացիաների միջոցով սոցիալական խնդիրներին լուծում տալը։ Կազմակերպության առաջին նախաձեռնություններից է եղել Safe YOU բջջային հավելվածի և հարթակի մշակումը, որը հանդիսանում է վիրտուալ ապահով տարածք կանանց համար։ 

Safe YOU-ն հնարավորություն է տալիս վտանգի պահին սեղմելով և 3 վայրկյան պահելով ահազանգի կոճակը՝ նախապես ընտրված կոնտակտներին (ընտանիք և ընկերներ, քաղաքացիական հասարակության կառույցներ (ՔՀԿ)-ներ, պետական մարմիններ և ոստիկանություն) ուղարկել անվճար SMS օգտատիրոջ տեղորոշման հետ միասին։  Հավելվածն ունի նաև «Ֆորումներ» բաժին, որը օգտատերերին հնարավություն է տալիս ունենալ անանուն քննարկումներ և ստանալ խորհրդատվություն պրոֆեսիոնալ իրավաբանների, հոգեբանների, բժիշկների և այլ մասնագետների կողմից։ 

Safe YOU-ն առաջին հայկական թվային լուծումն է, որը ճանաչվել է Հանրային Թվային Բարիք՝ ՄԱԿ-ի գլխավավոր քարտուղարի սահմանած ստանդարտներին համապատասխան։

Հավելվածն արդեն հասցրել է կյանքեր փրկել, ինչին անդրադարձել է նաև Forbes ամսագիրը:

Այս պահին հավելվածը գործում է 3 երկներում՝ Հայաստան, Վրաստան, Իրաքյան Քուրդիստան:



Teny Avakian